Քաղաքացիություն

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

 ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում,
  2. անձնագիրը և դրա պատճեն,
  3. 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
  4. ծննդյան վկայականը և դրա պատճեն,
  5. ամուսնության վկայականը և դրա պատճեն,
  6. ամուսնու անձնագիրը և դրա պատճեն կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին,
  7. երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճեն կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճեն, կամ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա պատճեն,
  8. քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճեն կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները,
  9. ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը (հայազգի քաղաքացիների համար),
  10. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (1000 ՀՀ դրամ):

 

Որո՞նք են ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերը:

  • ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը,
  • ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականը,
  • քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ճամփորդական փաստաթուղթը, ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը` ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
  • նշված** եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
  • օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ`ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթը,
  • ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
  • ծնողի (կամ պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Դուք կարող եք ներկայացնել նաև Ձեր համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը, եթե Ձեր արյունակից ծնողն ազգությամբ հայ է: Այս կետով նախատեսված փաստաթուղթ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել համապատասխան անձի հետ ազգակցական կապը հիմնավորող փաստաթուղթ:

*Պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայերը, ում ծագման երկրում պատերազմական իրադրություն է:

**Սիրիայում դրանք հետևյալ եկեղեցական կառույցներն են. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Դամասկոսի Հայոց Թեմ; Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն՝ Ջեզիրեի Թեմ (Հալեպ); Հայ Կաթողիկե Եկեղեցի՝ Բերիո Թեմ (Հալեպ), Դամասկոսի Թեմ, Կամիշլիի Թեմ: Այս, ինչպես նաև այլ պետություններում գործող եկեղացական կառույցների համար տես` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=88586:

ՀՀ Կառավարության 29.11.2012, 1522 – Ն; 23.11.2007, N 1390-Ն որոշումներ

Ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվում ՀՀ քաղաքացիությունը:

  1. Անձն անձամբ դիմում պետք է ներկայացնի օտարերկրյա պետությունում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

ՀՀ տարածքում՝ ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

  1. Դիմումատուի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար փաստաթղթերն անձնագրերի և վիզաների վարչության կողմից ուղարկվում են
  • ՀՀ արտաքին գործերի նախարարություն,
  • Ազգային անվտանգության ծառայություն:
  1. Անհրաժեշտ փաստաթղթերը կազմելուց հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը դրանք ուղարկում է ՀՀ նախագահի աշխատակազմ:
  2. Անձը ծանուցվում է փաստաթղթերի ուղարկման մասին ՀՀ նախագահի աշխատակազմին:
  3. ՀՀ Նախագահը արձակում է հրամանագիր ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ:
  4. ՀՀ Նախագահի հրամանագրի քաղվածքին ծանոթանալու և երդման արարողությանը մասնակցելու նպատակով անձը ծանուցվում է:
  5. Օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է ՀՀ քաղաքացու անձնագրավորում:

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները և միջնորդությունները ներկայացվում են գրավոր և քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրից մեկ տարի հետո:

ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկությունները 3-օրյա ժամկետում վարչությունն ուղարկում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարներին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում կամավոր լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը:

Դիմումատուն դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև վարչության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը վարչություն մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` SMS (էսէմէս) հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:

Հայտի ձևը տեսնելու համար, սեղմեք այստեղ:

Ովքե՞ր են ազատվում անձնագրերի համար վճարից:

Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար վճարից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Կառավարության որոշում 22.11. 2012 N 1469 –Ն

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել. ՀՀ անձնագրային և վիզաների վարչություն, հասցեն. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք, թեժ գիծ՝ (010) 37-02-64: