Ինչպե՞ս զբաղվել ձեռնարկատիրությամբ

Ինչպե՞ս կարող է անձը ՀՀ-ում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

  • գրանցվելով որպես անհատ ձեռնարկատեր,
  • դառնալով առևտրային իրավաբանական անձ:

Ո՞վ է անհատ ձեռնարկատերը (ԱՁ):

ԱՁ-ն այն անձն է, ով իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկերով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Ովքե՞ր կարող են լինել անհատ ձեռնարկատերեր.

  • ՀՀ քաղաքացիները,
  • փախստականները,
  • օտարերկրյա քաղաքացիները,
  • քաղաքացիություն չունեցող անձինք:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի հոդված 1

Անհատ ձեռնարկատերն ունի գույք`սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի հոդված 6

 Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ հաշվառվելու համար:

  1. Անձնագրի պատճեն (օտարերկրացու դեպքում՝ անձնագրի պատճեն վավերացված և թարգմանված նոտարի կողմից):
  2. Վճար՝ 3000 ՀՀ դրամ:

Որպես ԱՁ հնարավոր է նաև գրանցվել ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի միջոցով, հետևյալ հղումով՝ https://www.e-register.am/

Ո՞վ է առևտրային իրավաբանական անձը:

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
  • Բաժնետիրական ընկերությունները:

Ո՞րն է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Այն կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ և դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 3

 Բաժնետիրական ընկերությունները լինում են.

  • Բաց բաժնետիրական ընկերություն,
  • Փակ բաժնետիրական ընկերություն:

 Ո՞րն է բաց բաժնետիրական ընկերությունը:

Ընկերությունը համարվում է բաց, եթե նրա բաժնետերերն իրավունք ունեն օտարել (վաճառել, նվիրել և այլն) իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության:

Բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի թիվը չի սահմանափակվում:

 Ո՞րն է փակ բաժնետիրական ընկերությունը:

Ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա բաժնետերերի (այդ թվում` հիմնադիրների) կամ նախապես որոշված այլ անձանց միջև:

Փակ ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի թիվը: Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով:

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8

 Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առևտրային իրավաբանական անձանց սկզբնական գրանցման համար:

ՍՊԸ-ի դեպքում միայն հիմնադրի (հիմնադիրների) անձնագրի (անձնագրերի) պատճենները:

ՍՊԸ հնարավոր է նաև գրանցել ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի միջոցով, հետևյալ հղումով՝ https://www.e-register.am/

Բաց կամ փակ բաժնետիրական ընկերություն գրանցելու դեպքում անհրաժեշտ է.

  1. դիմում,
  2. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը: Մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը, գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի պատճեն:

Առևտրային իրավաբանական անձանց սկզբնական գրանցման համար վճարներ նախատեսված չեն:

 Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք, հեռ.՝ (010) 20-14-45, (010) 20-14-49: